Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հայկական ընդդիմությունը, փաստորեն, հրաժարվեց իրական պայքարից

Հայկական ընդդիմությունը, փաստորեն, հրաժարվեց իրական պայքարից
04.07.2026 | 20:35

ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես և վստահ էին բոլոր մտածող մարդիկ, մերժեց հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի հայցը՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ համապատասխան որոշումը։

Փաստաբանական ճառերը չեն կարող փոխարինել իրական քաղաքական պայքարին։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների կեղծումից ու նենգափոխումից հետո հայկական ընդդիմությունը, փաստորեն, հրաժարվեց իրական պայքարից։ Փորձ չարվեց կազմակերպել բողոքի գեթ մեկ զանգվածային ցույց, թեև ընտրախախտումները եղել են համատարած ու աղաղակող։

Փոխանակ ժողովրդին քաղաքական պայքարի մեջ ներգրավելու՝ նրան նստեցրին տանը և ստիպեցին հետևել ընդդիմության փաստաբանական թիմերի՝ թեև գրագետ ու փաստահեն, բայց միաժամանակ երկարաշունչ, քաղաքական լիցքից ամբողջովին զուրկ և բթացնող ելույթներին։ Ժողովրդին վերածեցին կրավորական դիտորդի, այլ ոչ թե երկրի ճակատագրի համար մղվող պայքարի մասնակցի։ Ժողովրդին քնեցրին։

Սակայն դատաիրավական ճանապարհով իշխանափոխության հասնելու փորձերն ի սկզբանե դատապարտված էին ձախողման, քանի որ Հայաստանում ոչ նախկինում, ոչ էլ այսօր անկախ դատական համակարգ չի գործել։ Դատարանները միշտ ենթարկվել են օրվա իշխանությանը։ Այսինքն՝ ընդդիմադիր ուժերն այս ուղին ընտրել են միանգամայն գիտակցված՝ լրացուցիչ ժամանակ պարգևելով Հայաստանը թուրքացնելու քաղաքականություն վարող Փաշինյանին։

Այս մեծ բեմադրության մեջ մնացել է վերջին արարը. «ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները, և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում։

Հարցը մնում է բաց. արդյո՞ք ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի երկիրը փրկելու համար, թե՞, դարձյալ անգլուխ մնալով, կհամակերպվի իրավիճակի հետ և ինքն էլ կթուրքանա։

Իմ համոզմամբ՝ ո՛չ, չի համակերպվի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 6376

Մեկնաբանություններ